«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ խաղաղության պայմանագրում չկա ու չի կարող լինել. Ալեն Սիմոնյան

«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ խաղաղության պայմանագրում չկա ու չի կարող լինել. Ալեն Սիմոնյան



«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ խաղաղության պայմանագրում չկա ու չի կարող լինել: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ասել ենք, որ այո, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը իր երկրի մի մասից մյուս մասը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում, ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհները իրենց համար, ասել ենք՝ միգուցե հնարավոր է, որ ինչ-որ թեթեւացված գործընթաց լինի, որպեսզի կարողանան տեղափոխվել, բայց կոնկրետ արտատարածքային ճանապարհի մասին ոչ մի բան չկա: Դրա մասին են խոսում երեք հիմնական սկզբունքները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են Ադրբեջանի նախագահի հետ Շառլ Միշելի ներկայությամբ, որի մասին 2023-ի հուլիսի 15-ին եղել է հայտարարություն: Ուստի դրա մասին եկեք այլեւս չխոսենք:

Առավելեւս, վարչապետը մի շատ հետաքրքիր ու կարեւոր բան ասաց, որ ադրբեջանցիներն էլ են ասում՝ մեզ այդ ճանապարհը այլեւս հետաքրքիր չէ, մենք Իրանով ճանապարհ ունենք: Մենք ասում ենք՝ մենք պատրաստ ենք նույն տրամաբանությամբ ճանապարհ տանք, որն ավելի կարճ կլինի ու հեշտ կլինի այդ երկաթուղին կառուցել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանին այդ ճանապարհը պետք է քաղաքական նպատակների համար, ԱԺ նախագահն ասաց. «Ես չեմ կարող իրենց տեղն ասել: Մենք ազնիվ ենք որպես բանակցող կողմ: Մենք երկկողմանի ունենք վստահության խնդիր, որով հիմա զբաղվում ենք: Մենք հաստատակամ ենք խաղաղություն հաստատելու, տնտեսական նորմալ հարաբերություններ ստեղծելու հարցում»: