Ընդամենը 16 տարեկան էի, բայց հասցրեցի զգալ պատերազմի դառնությունը․․․ Իսկ դա դեռ սկիզբն էր. Նինա Հայրապետյան

Ընդամենը 16 տարեկան էի, բայց հասցրեցի զգալ պատերազմի դառնությունը․․․ Իսկ դա դեռ սկիզբն էր. Նինա Հայրապետյան

2016 թվականի ապրիլի 2-ն իմ գիտակից կյանքի միակ օրն էր, երբ հայրս առավոտ շուտ՝ «համար 1» գնալուց, մորս հորդորեց՝ մեզ դպրոց կամ չուղարկի, կամ էլ մեր գնալու և դասերը չեղարկելու դեպքում, միանգամից վազենք տուն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նինա Հայրապետյանը՝ հուշեր ներկայացնելով արցախյան քառօրյա պատերազմից:

«Ես սովորում էի 12-րդ դասարանում, փոքր քույրս՝ 2-րդ։ Այդպես էլ չհասցրեցի հասնել դպրոց, ճանապարհին հանդիպեցի դասընկերներիս ու իմացա, որ պատերազմ է սկսվել։ Ուղեղիս մեջ կարծես ռումբի հետհաշվարկ սկսված լիներ․․․

Մեր կյանքի առաջին, ու ցավոք ոչ վերջին, պատերազմի ժամանակ մենք ռումբի ձայն չլսեցինք։ Պատերազմը սահմանին էր, մենք՝ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Բայց մենք հասկացանք, թե այն ինչպես կարող է լինել։ Ընկերուհիներս հավաքվել էին մեր տանը, որովհետև առաջին հարկում էինք ապրում ու ապաստարանը ավելի մոտիկ էր։ Մաման հավաքեց առաջին անհրաժեշտության պարագաները, խմորեղեն պատրաստեց ու միասին հասցրեցինք սահման մեկնող կամավորականներին։

Մոտ մեկ շաբաթ անց մաման փորձում էր միջքաղաքային տրանսպորտով մեզ ուղարկել Երևան՝ մեծ քրոջս ու մորաքրոջս մոտ, չստացվեց, ասացին՝ արդեն «զինադադար» է։ Մորաքույրս ամուսնու հետ եկավ մեր հետևից։ Ես չեմ մոռանա մորքաքրոջս ու մամայիս արցունքները։ «Նորից նույնն ենք ապրում, 25 տարի առաջ մեզ էին ուղարկում Հայաստան, հիմա մեր երեխաններին ենք ուղարկում»,- ասում էին նրանք։ 5 րոպե հետո ծնողներս ճանապարհվեցին՝ ամեն մեկը դեպի իր առաջնագիծ։ Մաման իր ընկերուհիների հետ հումանիտար օգնություն էր հավաքում զինվորականների համար, արյուն էր հանձնում վիրավորներին փրկելու համար, դե հայրս էլ՝ մշտապես իր գործին՝ ծառայության։

Ես ընդամենը 16 տարեկան էի, բայց հասցրեցի զգալ պատերազմի դառնությունը․․․ Իսկ դա դեռ սկիզբն էր։ Ներում չկա ոչ մի դավաճանի․․․»,- գրել է նա: