Այս փորձությունների մեջ Աստված մեզ չի թողնի. Մաշտոց աբեղա

Այս փորձությունների մեջ Աստված մեզ չի թողնի. Մաշտոց աբեղա

Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյանը գրում է.

««Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության»

Բ Տիմոթեոս 1․7-8

Սիրելի հավատացյալներ, ընկերներ և բարեկամներ,

Վերջին օրերին մեր Սուրբ Եկեղեցին անցնում է փորձությունների նոր շղթայով․ ապօրինի ձերբակալվում և կալանավորվում են մեր բարձրաստիճան ու կրտսեր հոգևորականները։ Սա ուղղված չէ միայն նրանց դեմ, այլ մեր Եկեղեցու, մեր ազգային ինքնության և միասնականության դեմ՝ պատված կեղծ «Աստվածսիրության» ու «եկեղեցասիրության» քողով։

Սակայն ճշմարիտ հավատքը, ինչպես հիշեցնում է Հակոբոս առաքյալը, խոսքով միայն չէ, այլ գործով. քանզի հավատքը առանց գործերի մեռած է։ Քծնանքով, մեղադրանքներով կամ շողոքորթ խոսքով հավատք չեն զորացնում և Եկեղեցի չեն շենացնում։

Հավատում եմ, որ այս փորձությունների մեջ Աստված մեզ չի թողնի։ Նա մեզ տվել է զորություն՝ դիմանալու, սեր՝ ներելու, և զգաստություն՝ չմոլորվելու համար։

Աղոթում եմ մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր սրբազան հայրերի ազատության և մեր ժողովրդի միաբանության համար։ Թող մեր հավատքը ամրապնդվի, քանզի այն հիմնված է Քրիստոսի վրա, և ոչ մի ուժ չի կարող խարխլել այն»։