Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցում առաջընթաց կա. Մետաքսե Հակոբյան
Ինչպես հայտնել ենք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վարքագիծը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։ Շուրջ մեկ ամիս առաջ արցախցիները նամակով դիմել էին Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը։
Հիշեցնենք, որ Վրթանես Սրբազանը, ի թիվս այլ բարձրաստիճան հոգևորականների, հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստորագրել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից հեռացնելու վերաբերյալ հայտարարության տակ։ Դրանից հետո էլ նա շարունակում է գործել Վեհափառ Հայրապետի դեմ։
Aysor.am-ի փոխանցմամբ՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, որ այդ գործընթացում առաջընթաց կա, միաժամանակ ընդգծելով, որ դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ արցախցիները չեն ցանկանում, որ որոշումը որևէ քաղաքական ենթատեքստ ունենա։
«Այո՛, դա իրականում մեր ժողովրդի ցանկությունն է, որովհետև հանրությունն էլ մշտապես նման պահանջ է դնում՝ հետաքրքրվելով, թե ինչպես է լուծվելու այդ հարցը կամ արդյո՞ք որևէ ընթացք ստացել է։ Մենք ցանկություն ունենք, որ Մայր Աթոռը զրկի Վրթանես Սրբազանին առաջնորդությունից, սակայն կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չհակասեն Մայր Աթոռի կանոններին։ Արցախի թեմական խորհուրդն արդեն առաջարկներ ունի այդ կարգավորումների վերաբերյալ, մենք էլ հստակ առաջարկներով նամակ ենք պատրաստել՝ ներկայացնելով, թե ինչպես ենք պատկերացնում այդ գործընթացը, որը բնավ քաղաքական ենթատեքստ չունի։
Բնական է, որ պետք է տեղապահ նշանակվի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մենք Արցախից կուսակրոն այլ թեկնածու չունենք։ Այդ պատճառով այժմ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է նշանակվի տեղապահը կամ ով պետք է նշանակվի, որպեսզի, Աստված մի արասցե, կրկին նման իրավիճակում չհայտնվենք»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։