ՀԱՊԿ-ի առաքելությունն օպերատիվ կարող է տեղակայվել Հայաստանում, եթե նման ցանկություն ունենա Հայաստանը. Զախարովա
Ամեն գնով Հայաստանում ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը սահմանափակելու Եվրամիության փորձերը՝ կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը եւ նրանց ձգտումներին՝ վերադառնալ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա համոզմունք է հայտնել, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում են ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։
Զախարովան նշել է, որ եթե հայ դաշնակիցները շահագրգռված լինեն օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այն իր առաքելությունը կարող է արագ տեղակայել Հայաստանում։
«Ամենազարմանալին այն է, որ շատ ենք լսել ՀԱՊԿ-ի միանալու անհրաժեշտության մասին. ուրեմն միացե՛ք, ո՞վ է խանգարում: Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կայուն, երկարաժամկետ հիմքը և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավումը հանդիսանում է եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումը...»,- ասել է Զախարովան։