Պարտադրված քայլ՝ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը ոչ մի բանի մասին էր. փորձագետ. Alphanews.am

Պարտադրված քայլ՝ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը ոչ մի բանի մասին էր. փորձագետ. Alphanews.am



«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի կարծիքով՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն այսօր պարտադրված է եղել պարզաբանել օրեր առաջ արած իր սկանդալային հայտարարությունը:

Alpha News-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ դեսպանն այդ պարզաբանումը տարածել է Արցախից եւ Հայաստանից, ինչպես նաեւ Սփյուռքից հնչող կոշտ արձագանքների պատճառով:

«Այս պարզաբանումը պատասխան էր այն արձագանքներին, որ եղան իր հայտարարության վերաբերյալ, թե արցախահայերը կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում: Այս պարզաբանումը, սակայն, ոչ մի բանի մասին էր: Բոլոր այն ռիսկերն ու խնդիրները, որ մենք օրեր առաջ տեսել էինք դեսպանի հարցազրույցում՝ չլուծվեցին»,- ասաց Հերմինե Մխիթարյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ դեսպանի սկանդալային հայտարարությունը խնդրահարույց էր:

Մխիթարյանը կարծում է, որ դեսպանն այդ հայտարարությամբ հակասեց ոչ միայն այն արժեքներին, որոնք դավանում է ԱՄՆ-ն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, այլեւ հակասեց ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի որդեգրած քաղաքականությանը:

«Աբսուրդային մի հայտարարություն էր, երբ Արցախը 6 ամսից ավելի, շրջափակման մեջ է, մարդու տարրական իրավունքները ոտնահարվում են, Ադրբեջանը կիրառում է ուժի սպառնալիք, ռազմատենչ հայտարարություններ է անում , այդ ֆոնին ԱՄՆ-ի դեսպանն ասում է, որ հնարավոր է արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում անվտանգ ապրելը: Սա իսկապես կանխորոշում է գործընթացի ելքը»,- ասաց Հերմինե Մխիթարյանը:

Փորձագետը հիշեցնում է՝ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջնորդվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդարացի լուծմամբ, որը ենթադրում է կարգավորման երեք սկզբունք՝ ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն:

«Այս սկզբունքները հավասար կերպով դրված էին արդարացի կարգավորման հիմքում, իսկ այսօր ԱՄՆ-ի դեսպանը հակասում է իր պետության որդեգրած քաղաքականությանը: Պատճառը առկա շահերն են. ԱՄՆ-ն մեկ նպատակ ունի այս տարածաշրջանում՝ Ռուսաստանի հետ մրցակցությունը եւ նրանց դուրս մղումը այս տարածաշրջանից»,- հավելեց Հերմինե Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում  հնարավոր էր համարել արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում խաղաղ եւ անվտանգ ապրելը:

Այս հայտարարությունը Հայաստանում ու Արցախում բացասական էր ընկալվել:

Արցախի արտգործնախարարությունն արձագանքելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թեեւ կարեւորել էր ԱՄՆ-ի երկարամյա միջնորդական դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, այդուհանդերձ կարծիք էր հայտնել, որ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը։

Այսօր արդեն Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը պարզաբանել է իր սկանդալային հայտարարությունն ու ընդգծել, որ «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տեւական, կայուն եւ կապահովի հիմքեր խաղաղության համար»: